ՌԴ-ն ցանկացած երկրի կողմից Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու սահմանումը կդիտարկի որպես մասնակցություն զինված հակամարտությանը. Պուտին
Ռուսաստանը ցանկացած երկրի կողմից Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու սահմանումը կդիտարկի որպես մասնակցություն զինված հակամարտությանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ ՌԴ միջուկային ուժերը հատուկ ռեժիմի են բերվել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո:
Անդրադառնալով երկրում ռազմական դրություն հայտարարելուն՝ Պուտինն ասել է․ ՛՛Ռազմական դրություն Է մտցվում արտաքին ագրեսիայի դեպքում, Ռուսաստանում նման իրավիճակ այժմ չկա և, կարելի է հուսալ, որ չի լինի։ ՌԴ-ի տարածքում ոչ մի հատուկ դրություն չի նախատեսվում՛՛:
՛՛2014 թվականից ի վեր Դոնբասում 13-14 հազար մարդ է սպանվել, Արևմուտքը դա չէր նկատում՛՛,-ասել է ՌԴ նախագահը:
Նա հավելել է, որ Ուկրաինայում ՌԴ զինվորականները պայքարում են ապագայի համար, այնտեղ ՛՛ոչ թե մտացածին, այլ իրական սպառնալիք է առկա՛՛։
Խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին՝ Պուտինն ասել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը չմտնի ՆԱՏՕ: