հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ՌԴ գրողների միությունը կխստացնի նոր անդամներ ընդունելու պահանջները․ հաշվի կառնվի քաղաքական դիրքորոշումը

ՌԴ գրողների միությունը կխստացնի նոր անդամներ ընդունելու պահանջները․ հաշվի կառնվի քաղաքական դիրքորոշումը

Ռուսաստանի գրողների միությունը մտադիր է էապես խստացնել նոր անդամների ընդունելության պահանջները։ Այս մասին փետրվարի 2-ին՝ անդամատոմսերի թարմացված նմուշների հանձնման արարողության ժամանակ, հայտարարել է կազմակերպության առաջին քարտուղար և նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Նրա խոսքով՝ քարտուղարության ընդլայնված նիստում հաստատվել են անդամակցության նոր, ավելի խիստ չափանիշներ, որոնք կհրապարակվեն մոտ ժամանակներս։

Նոր նմուշի անդամատոմս ստացողների թվում են դրամատուրգ և արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Ինինը, Պետդումայի պատգամավոր և «Յունոսծ» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Շարգունովը, հրապարակախոս Եգոր Խոլմոգորովը և գրող Վիկտոր Դոցենկոն, ով հայտնի է «Կատաղածը» գրքաշարով։

Մեդինսկու խոսքով՝ անդամատոմս ստացածներից յուրաքանչյուրը նոր չափանիշներին համապատասխանում է «երկու, եթե ոչ երեք կարգի պաշարով», հայտնում է «ՌԲԿ»-ն: Նա ընդգծել է, որ համախմբման և վերաատեստավորման գործընթացը թույլ կտա Գրողների միությանն անդամակցելը դարձնել հեղինակավոր և պահանջված։

Ռուսաստանի գրողների միության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ անդամակցության համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել տարածքային բաժանմունք, տրամադրել կենսագրություն, տվյալներ գրական գործունեության մասին և կազմակերպության գործող անդամների երաշխավորագրեր։ Մերժման հիմք կարող են հանդիսանալ իշխանությունների պաշտոնական գծի հետ չհամընկնող քաղաքական դիրքորոշումը, պետության կամ միության ղեկավարության հասցեին արված բացասական հրապարակային արտահայտությունները, ինչպես նաև «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ ունենալը։

  • Կիսվել: