չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Բրիտանիային

ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Բրիտանիային

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սպառնացել է Բրիտանիային, եթե փորձ արվի միջամտել ՌԴ նախագահական ընտրություններին։ Այս մասին նա հայտնել է իր Telegram–յան ալիքում։

Դիվանագետը նշել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հրապարակումը, որտեղ մատնանշվել է Ղրիմում և Ռուսաստանի Դաշնության նոր շրջաններում ընտրությունների անցկացման անօրինականությունը՝ այդ ուղերձն անվանելով «տկարամտության և խիզախության» օրինակ։

«Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հետևյալ հարցն ունեմ։ Ձեր դեսպանը վաղո՞ւց Սմոլենսկի հրապարակում չի եղել։ Նրան տեսնելը մեզ հաճույք չի պատճառում, բայց կարող ենք պրոֆիլակտիկայի համար կանչել, եթե նման բաներին վերջ չդրվի»,- գրել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ որոշումը, թե ով ում է «պատկանում» և ով ում հետ է ուզում լինել, կայացնում են Ռուսաստանի քաղաքացիները, այլ ոչ թե «բրիտանական թագը»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ «Ղրիմի բնակիչներն իրենց ընտրությունը կատարել են 2014 թվականին, իսկ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչները՝ 2022 թվականին»։

«Ժամանակակից Բրիտանիան կարող է միայն երազել ժողովրդավարության նման վառ դրսևորման մասին»,- նշել է ռուս դիվանագետը՝ մեղադրելով երկրի դեսպանատանը Ռուսաստանի ներքին գործերին բացահայտ միջամտության մեջ։

  • Կիսվել: