ՌԴ ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանատան աշխատակցին անցանկալի անձ է հայտարարել
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին հայտարարել է անցանկալի անձ՝ ի պատասխան Գերմանիայից ռուս դիվանագետի արտաքսման: Այս մասին տեղեկացնում է Current time-ը։
Նշվում է, որ Գերմանիան ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի տեղակալին անցանկալի անձ է հայտարարել 2026 թվականի հունվարի 22-ին։ Գերմանիայի ԱԳՆ-ն այն ժամանակ հայտարարել էր, որ իշխանությունները «չեն հանդուրժի լրտեսությունը Գերմանիայում, հատկապես՝ դիվանագիտական կարգավիճակի քողի տակ»։
Իր հերթին Der Spiegel-ը հայտնել է, որ ռուս դիվանագետը Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության գնդապետ է եղել և ղեկավարել է նախկինում լրտեսության կասկածանքով կալանավորված՝ Ուկրաինայի և Գերմանիայի քաղաքացի Իլոնա Վ.-ի աշխատանքը: Դատախազության տվյալներով՝ Իլոնա Վ.-ն տեղեկություններ է հավաքել քաղաքական միջոցառումների մասնակիցների, ինչպես նաև պաշտպանական օբյեկտների գտնվելու վայրի, անօդաչու թռչող սարքերի փորձարկման և Ուկրաինա անօդաչուների պլանավորված մատակարարումների վերաբերյալ: Նա այդ տեղեկատվությունը փոխանցել է իր համակարգողին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «պաշտոնական Բեռլինի կողմից նրա դեմ հետախուզական գործունեության վերաբերյալ ներկայացված մեղադրանքները լիովին անհիմն են և հորինված են գերմանական իշխանությունների հրահրմամբ՝ Գերմանիայում խթանվող «լրտեսական մոլուցքի» ոգով»։
Ռուսական կողմն անվանել է դա «ստոր սադրանք», որի նպատակը Գերմանիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության վարկաբեկումն է:


