ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է «Տրանսնեֆտի» նավթամուղի կայանում պայթյուն կանխելու մասին
Տյումենի մարզի պետական անվտանգության մարմինների աշխատակիցները «Տրանսնեֆտի» գլխավոր նավթամուղի դիսպետչերական կայանի վրա հարձակում են կանխել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ՌԴ ԱԴԾ–ն Տյումենի մարզում Ռուսաստանում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության մասնակիցների մեկի՝ ՌԴ քաղաքացու (Ուկրաինայի Վիննիցայի մարզում ծնված) ապօրինի գործունեություն է կանխել, որը Կիևի ռեժիմի հատուկ ծառայությունների հրամանով դիվերսիա և ահաբեկչություն էր նախապատրաստում տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքի օբյեկտներից մեկի վրա»
ԱԴԾ-ն նաև նշել է, որ չարագործն այդ նպատակով թիրախավորել է «Տրանսնեֆտի» գլխավոր նավթամուղի դիսպետչերական կայանը՝ տվյալներ հավաքելով նավթագազային օբյեկտների շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։
«Անհետաձգելի օպերատիվ–հետախուզական գործողությունների ընթացքում պարզվել է, որ քաղաքացին կապի մեջ է եղել ուկրաինական ահաբեկչական կազմակերպության համակարգողի հետ՝ օգտագործելով WhatsApp մեսենջերը։ Համակարգողի հանձնարարությամբ նա, բացի դիվերսիոն հարձակման նախապատրաստումից, տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի մարզերում գտնվող նավթագազային օբյեկտների շուրջ առկա իրավիճակի մասին»,նշված է հաղորդագրության մեջ։


