Պուտինը համաձայնել է Դոնբասում կամավորների ներգրավելու գաղափարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Դոնբասում կամավորների ներգրավելու գաղափարին։ Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ` հայտնում է m24.ru-ն։
Նախագահի խոսքով՝ Մերձավոր Արևելքից կամավորներին, որոնք պատրաստ են աջակցել Ռուսաստանի Դաշնությանը, պետք է օգնել՝ հասնելու պատերազմական գոտի։
Նա այսպես է արձագանքել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, թե ահռելի թվով կամավորներ պատրաստ են օգնության հասնել Դոնեցկին և Լուգանսկին։ Ավելին, ըստ պաշտպանության նախարարության ղեկավարի՝ դիմումների մեծ մասը գալիս է Մերձավոր Արևելքի երկրներից՝ ավելի քան 16 հազար մարդ։
Պուտինը նաև աջակցել է Շոյգուի՝ ռուս զինվորականների տրամադրության տակ հայտնված զենքերը Դոնեցկի և Լուգանսկի զինվորականներին փոխանցելու նախաձեռնությանը։
Բացի դրանից՝ Ուկրաինա տարբեր զինատեսակների անվերահսկելի մատակարարումների ֆոնին պաշտպանության նախարարն առաջարկել է Դոնբասի աշխարհազորայիններին զինել հակաօդային պաշտպանության համակարգերով, այդ թվում՝ շարժական ՀՕՊ-երով: