շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է միայն կոնկրետ փաստաթղթի մշակումից հետո. Պեսկով

Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է միայն կոնկրետ փաստաթղթի մշակումից հետո. Պեսկով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կողմից կոնկրետ գրավոր փաստաթղթի մշակումից հետո։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ հնարավոր հանդիպումից: Բայց որպեսզի նախագահների հանդիպումը կայանա, անհրաժեշտ է, որ երկու պատվիրակությունների աշխատանքներում ձևավորվի կոնկրետ փաստաթուղթ՝ ոչ թե գաղափարների, այլ կոնկրետ գրավոր փաստաթուղթ և այդ ժամանակ նոր կգա նման հանդիպման հերթը»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական բանակցությունների առումով գործադրվող եռանդուն ջանքերի արդյունքում իրենք նույնպես կգնան որոշակի փաստաթղթի ստորագրմանը, և դա կարևոր քայլ կլինի իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: