Պենտագոնը պատրաստվում է համալրել GBU-57 հակաբունկերային հզոր ավիառումբերի պաշարները
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը պատրաստվում է համալրել թափանցող բարձր հզորությամբ զինամթերքով հագեցած GBU-57 կառավարվող ավիառումբերի պաշարները։ Դրանք կիրառվել են նախորդ տարվա հունիսին Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Air and Space Forces Magazine հանդեսը։
Նշվում է, որ Միացյալ Նահանգների կառավարության կայքում հրապարակված մասամբ խմբագրված փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ավարտում է Boeing-ի հետ ավելի քան 100 միլիոն դոլարի արժողությամբ գործարքը՝ միտված աշխարհում ամենահզոր ոչ միջուկային զինամթերքը համարվող այս ռումբներով իր զինանոցի համալրմանը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերում հայտարարել են, որ գնումը խիստ անհրաժեշտ է «Կեսգիշերային մուրճ» գործողության ընթացքում օգտագործված GBU-57 ռումբերի պաշարները լրացնելու համար։ 2015 թվականի դրությամբ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ունեին ընդամենը 20 այսպիսի ռումբեր, որոնց քանակը մինչև 2024 թվականը նախատեսվում էր եռապատկել։
2025 թվականի հունիսի 22-ին ամերիկյան B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչները, որոնք անտեսանելի են ռադարների համար, ընդհանուր առմամբ 14 այսպիսի ռումբ էին նետել իրանական օբյեկտների վրա: Յոթ ռմբակոծիչներից յուրաքանչյուրը կրում էր երկու GBU-57 ռումբ: Դրանցից 6-ը նետվել էր Ֆորդո, իսկ 2-ը՝ Նաթանզե բնակավայրում գտնվող ուրանի հարստացման գործարանների վրա: «Կեսգիշերային մուրճ» գործողության ընթացքում այս ռումբերն առաջին անգամ էին կիրառվել մարտական պայմաններում։
13.6 տոննա կշռող GBU-57 (Massive Ordnance Penetrator, MOP) ավիառումբը պայթելուց առաջ կարող է թափանցել մինչև 61 մետր խորության վրա կամ խոցել մինչև 19 մետր հաստությամբ ամրացված բետոն։ Մարտական հատվածը պարունակում է պայթուցիկ նյութի երկու լիցք՝ ավելի քան 2.4 տոննա ընդհանուր քաշով։ Այս ռումբը ներկայում ունակ է կրել միայն B-2A Spirit ռազմավարական ռմբակոծիչը։


