երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փելոսիի աղմկահարույց այցի ֆոնին Չինաստանի բանակը զորավարժություններ կանցկացնի Թայվանի շուրջ 6 շրջանում

Փելոսիի աղմկահարույց այցի ֆոնին Չինաստանի բանակը զորավարժություններ կանցկացնի Թայվանի շուրջ 6 շրջանում

Չինաստանի բանակը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան սկանդալային այցի ֆոնին, զորավարժություններ կանցկացնի կղզու շրջակայքի վեց շրջանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Global Times թերթին։

Հաղորդվում է, որ զորավարժությունները կանցկացվեն հինգշաբթիից կիրակի։

«Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը հինգշաբթիից կիրակի կանցկացնի նշանակալի զորավարժություններ և ուսումնական գործողություններ, այդ թվում՝ ուղիղ կրակի վարժանքներ Թայվան կղզու շրջակայքում գտնվող վեց շրջանում», - գրում է Global Times-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դուրս է եկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ ինքնաթիռից, որը վայրէջք է կատարել Թայվանի մայրաքաղաք Թայբեյի օդանավակայանում:

Տեղում նրան դիմավորել են Թայվանի պաշտոնյաները և մամուլը: Նա լուսանկարվել է իրեն դիմավորած պատվիրակության հետ, ապա շարժվել դեպի տերմինալ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փելոսին Թայվանում հայտարարել է, որ իր այցն ապացույց է առ այն, որ ԱՄՆ-ն հանձնառու է «Թայվանի ժողովրդավարության աջակցությանը»: Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ իր այցը որևէ կերպ չի հակասում կղզու նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը:

Նախօրեին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն Փելոսիի Թայվան այցի դեպքում։


  • Կիսվել: