շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պատրաստ ենք ու ամեն կերպ կկռվենք. Սիրիայի հայկական գումարտակի մարտիկներ

Պատրաստ ենք ու ամեն կերպ կկռվենք. Սիրիայի հայկական գումարտակի մարտիկներ

Հյուսիսային Սիրիայի հայ բնակչությունը ներքաշված է այստեղ ընթացող ռազմական գործողություններում: Տեղի հայկական զորախմբի մարտիկները անդրադարձել են այստեղ տիրող վիճակին՝ «Ամերիկայի ձայն»-ին տրամադրված բացառիկ հարցազրույցներում:

Հյուսիսային Սիրիայի հայ ազգաբնակչությունը կրկին տագնապալի օրեր է վերապրում: ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններից հետո ընթացիկ տարվա հոկտեմբերին այս շրջաններում կրկին մարտեր ծավալվեցին Թուրքիայի ներխուժումից հետո: Վերջինս պնդում էր, որ գործողությունների նպատակն է անվտանգության գոտու ձևավորումը: Ներխուժման թիրախ դարձած քրդական զորամիավորումներն էլ Թուրքիային մեղադրում էին ցեղասպանության և էթնիկ զտման իրականացման մեջ:

Տեղի հայերից կազմված Նուպար Օզանյանի հայկական գումարտակը, որը քրդական ժողովրդական ինքնապաշտպանության զորամիավորումների կազմում ակտիվորեն մասնակցել է ԴԱԻՇ-ից այս շրջաններն ազատագրելու ու պաշտպանելու մարտերին, քրդական ուժերի կողքին է նաև թուրքական ներխուժման ժամանակ: «Ամերիկայի Ձայնի» համար նկարահանված հատուկ հարցազրույցում գումարտակի անդամները ասում են.

«Մենք առաջ շատ կռվեցինք ԴԱԻՇ-ի դեմ, քանի որ հայ զինվորներ ենք ու պետք է կռվեինք: Կռվում ենք նաև այստեղ Թուրքիայից եկած զորքերի դեմ, քանի որ եկել են մեր ժողովրդին սպանելու: Պետք է զենքով ու արյունով պաշտպանենք այս հողում ապրող մեր ժողովրդին»,- նշում է հայկական գումարտակի անդամ Ավո Օզանյանը:

Հայկական զորախմբի մեջ են ընդգրկված նաև կանայք: Ութ երեխաների մայր Սոսեն պատմում է, որ միացել է ռազմական ջոկատին տարիներ առաջ, երբ իր ամենափոքր դուստրը մեկ ամսական էր: Նա շեշտում է՝ աստեղ ենք կռվում, որ կանխենք նոր ցեղասպանությունը և ոչնչից չենք վախենում: Սոսեն ընդգծում է հայ համայնքի համերաշխ գոյատևումն այլ ազգային համայնքների հետ: Համեմատելով Թուրքիայի ներխուժումը ԴԱԻՇ-ի հետ՝ նա պնդում է, որ ահաբեկչական կառույցը ստեղծվել է նախագահ Էրդողանի կողմից, իսկ վերջին գործողությունները ուղղված էին հատկապես քրդերի դեմ:

Հայկական գումարտակի զինվորական Ավո Օզանյանն էլ պնդում է, որ իրենք ամբողջապես պատրաստ են պաշտպանության:

«Առաջ քանի որ զենք չունեինք, չէինք կարող կռվել, բայց հիմա պատրաստ ենք ու ամեն կերպ կկռվենք»,- նշում է նա:

Նա ևս Թուրքիայի բանակը նույնականացնում է ԴԱԻՇ-ի հետ՝ ընդգծելով, որ նրանք այստեղ են եկել իրենց վրա ճնշում գործադրելու համար: Նա վճռական է տրամադրված՝ ընդգծելով, որ այսօր Թուրքիայի թիրախը ոչ միայն հայերն են, այլև այլ ժողովուրդներ:

«Մեր զենքով, մեր արյունով պետք է նրանց դեմ կանգնենք, քանի որ ժամանակին Թուրքիայի ներսում ջարդեցին հայերին, հիմա էլ նրանք դուրս են եկել բոլոր ժողովուրդների դեմ»,- ասում է Ավո Օզանյանը:

Հյուսիսային Սիրիայի հայ ազգաբնակչության հստակ թիվն անհայտ է: Ըստ որոշ տվյալների՝ այստեղ են բնակվում շուրջ 3000 հայեր, որոնց մեծ մասը ծագում է Հայոց ցեղասպանությունը վերապրած սերունդներից: Իրենց խոսքում հայ գումարտակի անդամները հաճախ են զուգահեռներ անցկացնում Մեծ Եղեռնի և այսօրվա զարգացումների միջև:

«Մենք` հայերս մեծ ու դժվար պատմություն ունենք: 1915-1916 թթ. մենք ջարդվեցինք թուրքերի կողմից: Նրանք մեզ սպանեցին, մորթեցին, վռնդեցին: Շատ դժվար կյանք ունեցանք 1915-ից առայսօր»,- ասում է ջոկատի մարտիկ Հովսեփ Սարգիսը:

Հովսեփ Սարգիսը երախտագիտություն է հայտնում Միացյալ Նահանգներին վերջերս Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Նա դիմում է միջազգային հանրությանն ու հատկապես Միացյալ Նահանգենրին՝ խնդրելով միջոցներ ձեռք առնել՝ նոր ջարդերն և բռնությունները կանխելու համար:

  • Կիսվել: