երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ոստիկանությունը դատավճռից հետո ձերբակալել է Պակիստանի նախկին վարչապետին․ վերջինս բողոքի ցույցի կոչ է արել

Ոստիկանությունը դատավճռից հետո ձերբակալել է Պակիստանի նախկին վարչապետին․ վերջինս բողոքի ցույցի կոչ է արել

Ոստիկանությունը ձերբակալել է Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին արևելյան Լահոր քաղաքում: Այս մասին գրելէ  Al Jazeera-ն։

Դատարանը նրան երեք տարվա ազատազրկման է դատապարտել «պետական նվերներն ապօրինի կերպով վաճառելու համար»: Ձերբակալության պատճառը դատավճիռն է եղել։

70-ամյա քաղաքական գործիչը մեղադրվում է 2018-ից 2022 թվականներին իր պաշտոնը չարաշահելու, պետական նվերներ գնելու և վաճառելու համար, որոնք տրվել էին արտասահման կատարած այցերի ժամանակ, և արժեն ավելի քան 140 միլիոն պակիստանյան ռուփի (635,000 դոլար):

«Նրա անազնվությունն անկասկած հաստատվել է»,- գրել է դատավոր Հումայուն Դիլավարը վճռում:

Դատավճիռը ներառում է 100,000 ռուփի տուգանք (355 դոլար), որը չվճարելու դեպքում կարող է ավելացվել ևս 6 ամսվա ազատազրկում:

Խանի փաստաբան Ինտեզար Փանջոտան Reuters գործակալությանը հայտնել է, որ ոստիկանությունը Խանին ձերբակալել է Լահորում գտնվող իր նստավայրում: Պակիստանի լրատվամիջոցները նկարագրել են, որ ոստիկանները շրջապատել են նրա տունը դատավճռի հրապարակումից հետո:

«Մենք միջնորդություն ենք պատրաստում այս վճռի դեմ՝ բարձր դատարան դիմելու համար», - հավելել է Փանջոտան:

Իր ձերբակալությունից առաջ տեսագրված ու X սոցցանցում հրապարկաված տեսանյութում Խանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց՝ ի նշան բողոքի:

«Ես միայն մեկ խնդրանք ունեմ ձեզ, մեկ կոչ։ Դուք չպետք է հանգիստ նստեք ձեր տներում: Պայքարը, որ ես տանում եմ, իմ անձի համար չէ, դա իմ ազգի, ձեզ համար է։ Ձեր երեխաների ապագայի համար»,- նշել է նա։

«Եթե չկանգնեք ձեր իրավունքների համար, կապրեք ստրուկների կյանքով, իսկ ստրուկները կյանք չունեն»,- հավելել է նա։

  • Կիսվել: