Որևէ պահի կարող է տեղի ունենալ հեռախոսազրույց Թրամփի և Սիի միջև. Բեսենթ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Չինաստանի դեմ վերջերս ձեռնարկած միջոցառումները բացատրում է նրանով, որ, ըստ Վաշինգտոնի, Պեկինը խուսափում է կատարել Ժնևում վերջերս կայացած առևտրային բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնյաները հիասթափված են, որ Չինաստանը չի կատարում այն խոստումները, որոնք կհանգեցնեին երկու երկրի միջև առևտրային հակամարտության թուլացմանը, մինչդեռ նրանք ձգտում են մինչև օգոստոսի կեսը կնքել համապարփակ համաձայնագիր։
Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնը հույս ուներ, որ Չինաստանը կմեղմացնի հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները, սակայն դա տեղի չունեցավ, ինչը խոր հիասթափություն առաջացրեց Թրամփի վարչակազմում և հանգեցրեց Չինաստանի դեմ վերջերս ձեռնարկված միջոցառումների։ Մասնավորապես, ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկել չինացի ուսանողների համար վիզաները չեղարկելու և չինական ընկերություններին որոշ կարևորագույն տեխնոլոգիաների վաճառքը կասեցնելու ուղղությամբ։
Այնուամենայնիվ, գրում Է CNN-ը, ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը նախկինի պես կենտրոնացած է արդյունավետ հարաբերությունների հաստատման վրա, քանի որ Միացյալ Նահանգները «մտադիր չէ դանդաղեցնել կամ դադարեցնել չինական մատակարարումների շղթաների պահպանմանն ուղղված ռազմավարական ջանքերը, որոնք կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության համար»: Նա հույս ունի շարունակել շփումները չինացի գործընկերների հետ:
Նախարարը հնարավոր է համարել նաև հեռախոսազրույցը ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների միջև։ «Հավատում եմ, որ որևէ պահի կարող է տեղի ունենալ հեռախոսազրույց Թրամփի և Սիի միջև։ Հաշվի առնելով բանակցությունների ծավալը և բարդությունը, սա պահանջում է երկու առաջնորդների մասնակցությունը։ Նրանք լավ հարաբերություններ ունեն, և վստահ եմ, որ չինացիները կմիանան բանակցություններին»,- նշել է Սքոթ Բեսենթը։