շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Օրբանը չորրորդ անգամ հաղթում է Հունգարիայի ընտրություններում

Օրբանը չորրորդ անգամ հաղթում է Հունգարիայի ընտրություններում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 4-րդ անգամ անընդմեջ հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ չնայած կոշտ քննադատությանը թե՛ երկրի ներսում, թե՛ ԵՄ շատ անդամների կողմից՝ Բուդապեշտի և Մոսկվայի միջև չափազանց սերտ կապերի համար:

Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում, թվում էր, մեծապես բարդացրել է Օրբանի արշավը, որը պետք է մանևրեր և բացատրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր չափազանց ջերմ հարաբերությունների պատճառը, գրում է BBC-ն:

Օրբանը դատապարտել է ՌԴ գործողությունները և վետո չի դրել Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա, թեև նշել է, որ համաձայն չէ դրանց հետ։

Միևնույն ժամանակ, նա արգելել է Ուկրաինայի համար ցանկացած ռազմական տեխնիկայի անցումը Հունգարիայի տարածքով և շարունակում է պնդել, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններում կան բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝ գազի մատակարարման հուսալիությունը։

Օրբանը կարողացավ համոզել իր ընտրազանգվածին, որ Պիտեր Մարկի-Զայի ընդդիմադիր դաշինքի՝ Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու խոստումները կարող են Հունգարիային ներքաշել ՆԱՏՕ-ի կողմից ռազմական հակամարտության մեջ: Ընդդիմությունը կտրականապես հերքում էր նման մեղադրանքները:

«Մենք մեծ հաղթանակ ենք տարել, պաշտպանել ենք Հունգարիայի ինքնիշխանությունն ու ազատությունը։ Մենք երբեք այսքան շատ հակառակորդներ չենք ունեցել»,- ասել է Օրբանը՝ կրկին հիշատակելով Բրյուսելի բյուրոկրատներին, միջազգային լրատվամիջոցներին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։

Հունգարիան, որը սահմանակից է Ուկրաինային, այդ երկրից ընդունել է ավելի քան կես միլիոն փախստականի, սակայն Զելենսկին քննադատել է Բուդապեշտին՝ Հունգարիայից Ուկրաինա զենքի մատակարարումն արգելելու համար, ինչին Օրբանը պատասխանել է, որ այդ կերպ հետ է պահում իր երկրին հակամարտության մեջ ներքաշելուց:

  • Կիսվել: