երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՕՊԵԿ +-ի` նավթի արդյունահանումը կրճատելու որոշումը կվնասի համաշխարհային տնտեսությանը. Յելեն

ՕՊԵԿ +-ի` նավթի արդյունահանումը կրճատելու որոշումը կվնասի համաշխարհային տնտեսությանը. Յելեն

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կարծում է, որ նավթի արդյունահանման կրճատման՝ ՕՊԵԿ + երկրների որոշումը կվնասի համաշխարհային տնտեսությանը, հատկապես՝ զարգացող երկրներին։

«Կարծում եմ, որ ՕՊԵԿ-ի որոշումն անօգուտ է եւ անխոհեմ, պարզ չէ, թե այն, ի վերջո, ինչ ազդեցություն կունենա», - Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Յելենը եւ հավելել, որ շատ մտահոգված են զարգացող երկրների եւ նրանց առջեւ ծառացած մարտահրավերներով:

Նավթ արտահանողների դաշինքը, որը ներառում է ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող եւ դրա կազմից դուրս գտնվող եւս 11 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարել է արդյունահանման կրճատման մասին:

Յելենը հրաժարվել է պատմել ամերիկացի պաշտոնյաների կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ հակազդելու ՕՊԵԿ+-ի արտադրության կրճատմանը, ինչը սպառնում է բարձրացնել բենզինի ներքին գները:

Կրճատումները որոշ օրենսդիրների դրդել են ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի ռազմական հարաբերություններում փոփոխություններ առաջարկել:

«Նախագահը երկար ժամանակ կենտրոնացած է եղել բոլոր առկա տարբերակների ուսումնասիրության վրա՝ փորձելով իջեցնել նավթի գները», - ասել է Յելենը:

ԱՄՆ-ը եւ G-7-ի անդամ մյուս պետությունները փորձել են սահմանափակել ռուսական նավթի արտահանման գինը մինչեւ դեկտեմբերի 5-ը, եւ դիվանագետները դեռեւս աշխատում են գործարքը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, այն է՝ հստակ առավելագույն գին սահմանելը:

Սակայն կրճատումը կարող է բարձրացնել գներն ու բարելավել ռուսական նավթի արտահանման եկամուտները:

  • Կիսվել: