Նրանք պլանավորել էին 48 ժամվա ընթացքում գրшվել Իրանը, ինչպես Սիրիան․ Փեզեշքիան
Նրանք պլանավորել էին 48 ժամվա ընթացքում գրավել Իրանը, ինչպես Սիրիան: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ խոսելով Իսրայելի մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Փեզեշքիանը, մասնավորապես, նշել է. «Նրանք ծրագիր ունեին մեր հասարակությունը անկայունացնելու, բայց դա տեղի չունեցավ։ Իրավիճակը գործնականում վերահսկողության տակ դրվեց ուժի և վճռական գործողությունների միջոցով։ Չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Իրանի մասին այժմ խոսում են որպես ուժեղ երկիր, որը մեծ արժանապատվություն և հարգանք ունի։
Պատժամիջոցներն ավելի խիստ են դարձել. նրանք նաև սահմանափակումներ են սահմանել մեր բանկերի վրա, պատերազմ են սանձազերծել և պաշարել մեզ։
Մենք խոստանում ենք ժողովրդին, որ քանի դեռ ապրում և շնչում ենք, մենք կծառայենք նրանց մեր ողջ ուժով»:
Փեզեշքիանը նաև հավելել է. «Որքան էլ մտածում եմ, չեմ կարողանում գտնել որևէ տրամաբանական պատճառ, թե ինչու են նրանք սպանել մեր Առաջնորդին, մեր հրամանատարներին և մեր գիտնականներին։ Մեր սպանված հրամանատարներից և գիտնականներից շատերը նույնիսկ սեփական տուն չունեին»:
Նա նաև նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ շփվելն այժմ շատ դժվար է, բայց նրա ներկայությունը իրենց համար ուժի զգալի աղբյուր է, որը թույլ է տալիս առաջ գնալ։



