Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի հետ երկխոսությանն աջակցելու համար։
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանին Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության խթանման եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում ունեցած դերի համար»,- նշվել է Իսրայելի վարչապետի շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ, որը նշվել է մայիսի 28-ին: Ուղերձի տեքստը հրապարակվել է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում:
Նեթանյահուն նաեւ ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի շարունակական աջակցությունը հրեական համայնքին եւ մշակույթին, ինչպես նաեւ «հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելին ցուցաբերած ամուր համերաշխությունը»՝ նշելով, որ Բաքուն ցուցադրել է «կարեկցանքի եւ բարեկամության անմոռանալի օրինակ»։
«Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, եւ դրանք ավելի են ամրապնդվել ընդհանուր արժեքների, երկու ժողովուրդների միջեւ ամուր բարեկամական կապերի շնորհիվ։ Տարիների ընթացքում մենք զարգացրել ենք գործընկերություն, որը հիմնված է փոխադարձ վստահության, բարի կամքի եւ մեր կառավարությունների ու ժողովուրդների միջեւ անկեղծ հարգանքի վրա»,- նշվել է ուղերձում։