Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու պատվիրակներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելին: Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելքի ասորական եկեղեցու Սիրիայի, Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմերի առաջնորդները և ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Միխայլովը:
Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է.
Կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ այս այցը կծառայի հայ և ասորի ժողովուրդների բարեկամությանը և ձեռքբերում կլինի ոչ միայն ասորական համայնքի, այլև հայերի համար: Հովվապետը շեշտել է, որ տեղյակ են Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակին և աղոթում են, որպեսզի հայ ժողովուրդն ստանա արդարացի և արժանապատիվ խաղաղություն:
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման առկա հնարավորություններն ու խոչընդոտները, շեշտել, որ անկախ առաջացած խնդիրներից՝ Հայաստանը հաստատակամ է խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ:
Կաթողիկոս-պատրիարքը շեշտել է, որ ինքն անձամբ և ողջ ասորական համայնքն աղոթում են խաղաղության համար, քանի որ վստահ են Հայաստանն ասորիների անվտանգ հայրենիքն է: Հայաստանում իրենք հնարավորություն ունեն պահպանել իրենց ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը, և դա նրանք պատրաստ են պաշտպանել, ինչպես արեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում ասորական համայնքը նույնպես զոհեր ունեցավ:
Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս շարունակել համագործակցությունը: