Մոսկվայի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում. Նուլանդ
Մոսկվայի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Պատժամիջոցները կվերջանան, եթե Ռուսաստանը վերջացնի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը և ճանաչի այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա գոյության իրավունքը», - ասել է Նուլանդը:
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ փաստացի «ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը»։
Նուլանդը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է ընդհանրապես ճանաչել Ռուսաստանի կարմիր գծերը և նրա անվտանգության ապահովման որոշակի պահանջներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային անդամակցության մերժումը և դեպի արևելք հետագա ընդլայնումը։
«Մենք նույնիսկ հայտարարել ենք, որ երբեք մտադրություն չենք ունեցել հարձակողական զենք տեղակայել Ուկրաինայում: Մենք չէինք պատրաստվում մեկ այլ երկրի ասել, թե ինչպես և ում հետ դաշինքներ կնքի: Մենք չէինք պատրաստվում թույլ տալ, որ Ռուսաստանը որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ի համար», - ասել է Վիկտորյա Նուլանդը: