Միջուկային տրիադայի զարգացումը մնում է բացարձակ առաջնահերթություն. Պուտին
Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել, որտեղ նշել է, որ միջուկային տրիադայի զարգացումը մնում է բացարձակ առաջնահերթություն, քանի որ այն ծառայում է որպես երկրի անվտանգության երաշխիք։
Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում նա, մասնավորապես, ասել է. «Միջուկային տրիադայի զարգացումը, որը ծառայում է որպես երաշխիք Ռուսաստանի անվտանգության համար և արդյունավետորեն ապահովում է ռազմավարական զսպումը և ուժերի հավասարակշռությունն աշխարհում, մնում է բացարձակ առաջնահերթություն»։
ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի «լայնածավալ աշխատանքները բանակի և նավատորմի ամրապնդման ուղղությամբ՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակի զարգացումը, հիմնվելով հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված մարտական փորձի վրա»։
«Մենք որակապես կընդլայնենք Զինված ուժերի մյուս բոլոր տեսակների և ծառայությունների ներուժը՝ բարձրացնելով դրանց մարտական պատրաստվածությունը, գործելու ունակությունը ցանկացած, նույնիսկ ամենադժվարին պայմաններում։ Եվ, իհարկե, մենք կարագացնենք Զինված ուժերի համար առաջադեմ համակարգերի մշակումը»,-նշել է նա՝ ընդգծելով, որ «հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներն ուս-ուսի տված պաշտպանում են երկրի շահերը»։


