կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեծ Բրիտանիան լրացուցիչ միջոցներ կներդնի միջուկային էներգիայի զարգացման բնագավառում

Մեծ Բրիտանիան լրացուցիչ միջոցներ կներդնի միջուկային էներգիայի զարգացման բնագավառում

Մեծ Բրիտանիան լրացուցիչ միջոցներ կներդնի միջուկային էներգիայի զարգացման և միջուկային զսպման սեփական ուժերի ամրապնդման բնագավառում: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Մասնավորապես նշվում է, որ ներքին միջուկային ներուժը կենսական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի ազգային պաշտպանության և էներգետիկ անվտանգության, իրենց միջուկային զսպման ուժի պահպանման և երկրում  սպառողներին ավելի էժան ու հուսալի էներգիայով ապահովման համար:

՛՛Միջուկային արդյունաբերությունն արագորեն աճում է, առաջիկա 10 տարում կպահանջվեն 50 տոկոսով ավելի շատ բարձր որակավորում ունեցող աշխատողներ, և մենք պետք է պատրաստենք բրիտանացի տաղանդների նոր սերունդ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ Բրիտանիայի կառավարությունը համագործակցում է արդյունաբերության ներկայացուցիչների, ներառյալ BAE Systems-ի, Rolls-Royce-ի, EDF-ի և Babcock-ի հետ, որպեսզի մինչև 2030 թվականը ներդնի առնվազն 763 միլիոն ֆունտ ստեռլինգ (962 միլիոն դոլար)  կադրերի  պատրաստման, կրթության և աշխատատեղերի ստեղծման բնագավառում։

Հավելենք, որ վարչապետի գրասենյակը հայտնել է, որ շուտով կհրապարակվի Պաշտպանության նախարարության զեկույցը, որտեղ կնշվեն միջուկային զսպման ուժերի ամրապնդման կոնկրետ քայլերը, այդ թվում՝ 2030-ականների սկզբին սպառազինությունում Dreadnought դասի միջուկային սուզանավերի ընդունման և AUKUS-ի շրջանակներում Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացման միջոցով:

  • Կիսվել: