ԵՄ քաղաքացիները դատի են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին. պատճառը հայտնի է
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության դեմ դատական հայց է ներկայացվել՝ Եվրամիության գրեթե 1,5 հազար քաղաքացու՝ երկրում բնակվելու իրավունքից մասամբ կամ ամբողջությամբ զրկելու որոշման պատճառով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ իրավապաշտպան the3million կազմակերպությունը պնդում է, որ գերատեսչության գործողությունները խախտում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը։
Ուրբաթ օրը կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Անգլիայի և Ուելսի Բարձր դատարան։ Դատարան դիմելու առիթ են դարձել այն դեպքերը, երբ Brexit-ից հետո բնակության նախնական կարգավիճակ ստացած ԵՄ քաղաքացիներին հայտնել են, որ այդ կարգավիճակը նրանց տրվել է սխալմամբ։
Ըստ հայցվորների՝ նախարարությունը մարդկանց զրկել է իրավունքներից՝ չապահովելով համաձայնագրով նախատեսված երաշխիքները, այդ թվում՝ որոշումը բողոքարկելու հնարավորությունն ու դրա համաչափության գնահատումը։ Այդ գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվի, որ մարդիկ իրենց կյանքը կառուցել են Մեծ Բրիտանիայում՝ ապավինելով նախկինում տրված թույլտվություններին։
The3million-ի ղեկավարի պարտականությունները կատարող Մոնիք Հոքինսը հայտարարել է, որ իշխանությունները մարդկանց զրկում են համաձայնագրով նախատեսված երաշխիքներից՝ հիմնվելով սեփական եզրակացության վրա, թե այդ մարդիկ չեն մտնում դրա գործողության շրջանակի մեջ։ Նրա խոսքով՝ իտալացի քաղաքացիների նկատմամբ քաղաքականության փոփոխությունը ցույց է տալիս, որ գերատեսչությունն ի վիճակի է վերանայել որոշումները՝ սխալներ հայտնաբերելուց հետո։
Կազմակերպությունը դատարանին խնդրում է անօրինական ճանաչել «սխալմամբ» տրամադրված կարգավիճակի չեղարկման քաղաքականությունը և պարտավորեցնել նախարարությանը շտկել հրապարակված կանոնների համապատասխան դրույթները։



