Մեծ Բրիտանիան ավիակիր կուղարկի Հյուսիսային Ատլանտիկա՝ «ռուսական ագրեսիան զսպելու համար»
Մեծ Բրիտանիան այս տարի Հյուսիսային Ատլանտիկայում և Արկտիկայում կտեղակայի ավիակիրային հարվածային խումբ՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարությունից:
«Թագավորական նավատորմի ռազմական նավերի, F-35 կործանիչների և ուղղաթիռների մասնակցությամբ ուժի հզոր ցուցադրությունը միտված է ռուսական ագրեսիան զսպելուն և կենսական նշանակություն ունեցող ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությանը», -ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ վերջին երկու տարիներին Մեծ Բրիտանիայի ջրերին սպառնացող ռուսական ռազմական նավերի թիվը աճել է շուրջ 30 տոկոսով։ «Գրենլանդիայի, Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի շրջանում ռուսական գործողությունների առնչությամբ աճող մտահոգության, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ստորջրյա մալուխների և խողովակաշարերի նկատմամբ ռիսկերի ավելացման պայմաններում ուժերի տեղակայումը հստակ ազդակ կլինի, որ Մեծ Բրիտանիան միշտ կպաշտպանի իր ջրերը, կպահպանի կարևոր ենթակառուցվածքները և ուս ուսի կանգնած կլինի իր դաշնակիցների կողքին», – նշված է հայտարարության մեջ։
Firecrest գործողությունը կգլխավորի HMS Prince of Wales ավիակիրը՝ բրիտանական Թագավորական նավատորմի ամենամեծ նավը։ Տեղակայումը ներառելու է լայնածավալ ռազմական զորավարժություններ՝ ԱՄՆ-ի, Կանադա-ի և հյուսիսաեվրոպական դաշնակիցների հետ համատեղ:
Ինչպես հաղորդվում է՝ բրիտանական ավիակիրային հարվածային խումբը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի Arctic Sentry առաքելությանը, որը մեկնարկել է այս շաբաթվա սկզբին։ Առաքելության նպատակն է ամրապնդել Դաշինքի անվտանգությունը այն տարածաշրջանում, որտեղ ծովային սառույցի հալման հետևանքով բացվում են նոր ծովային երթուղիներ՝ մեծացնելով թշնամական պետությունների կողմից սպառնալիքները։


