ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան, վերսկսել են աշխատանքը․ Զելենսկի

Մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան, վերսկսել են աշխատանքը․ Զելենսկի

Մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան, վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք: Այս մասին այսօր Բրյուսելում Եվրամիության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այլև մենք առաջարկում ենք, թե որոնք են այդ քայլերը»։

Զելենսկին հավելել է, որ բոլորը պետք է համոզված լինեն, որ Ռուսաստանն ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը. «Դա կարելի է հաստատել հետևյալ ձևերով՝ ոչ մի հարձակում էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Հաջորդը՝ կրակի դադարեցում՝ Սև ծովի ավազանում: Վստահության հաստատման միջոց կարող է լինել գերիների ազատ արձակումը»։

Նա նաև եվրոպացի առաջնորդներին կոչ է արել շարունակել աջակցել այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի անվտանգության հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ուկրաինայի մասնակցությամբ, ողջ Եվրոպայի անվտանգությանն առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ:

«Այն, ինչ ազդում է Եվրոպայի անվտանգության վրա, պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ», - նշել է նա:

  • Կիսվել: