Մենք ձգտում ենք լուծել ճգնաժամը, ոչ միայն հրադադար հաստատել․ Իրանի ԱԳՆ
Իրանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում, որտեղ մարտերը շարունակվում են խաղաղության հասնելու համար, ոչ միայն հրադադարի: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը:
«Մենք կարծում ենք, որ ձեռնարկված գործողությունները դեռ բավարար չեն: Մենք ձգտում ենք լուծել ճգնաժամը, ոչ (միայն) հրադադար հաստատել: Մենք ակնկալում ենք պատասխան (ղարաբաղյան հակամարտության Իրանի ծրագրի վերաբերյալ՝ խմբ.), մինչ այժմ մեր հարևանները ցուցաբերել են դրական մոտեցում», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա, որտեղ ներկայացրել է Ղարաբաղի վերաբերյալ Թեհրանի ծրագիրը: