Մեկնարկել են Ռուսաստանի նախագահի և Ավստրիայի կանցլերի բանակցությունները՝ փակ ձևաչափով
Ռուսաստանի նախագահի և Ավստրիայի կանցլերի հանդիպումը անցնում է լիովին փակ ձևաչափով, Կրեմլի խոսնակի փոխանցմամբ, այսօրվա բանակցություններից առաջ կամ հետո որևէ լուսանկար, հայտարարություն չի լինելու։
«Զրույցը լինելու է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, իսկ մնացած բոլոր հարցերը, հավանաբար, ավելի լավ է ուղղել ավստրիական կողմին», - բանակցություններից առաջ ասել է Դմիտրի Պեսկովը՝ չբացառելով, որ կքննարկվի նաև ռուսական գազի մատակարարումների հարցը։
Նրա խոսքով, բանակցությունների փակ ձևաչափն ընտրվել է ավստրիական կողմի նախաձեռնությամբ։ Նեհամերը առաջին արևմտյան առաջնորդն է, որ այցելում է Մոսկվա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից ի վեր։
Ավստրիական աղբյուրները նշում են, որ բանակցությունների օրակարգում է լինելու մարդասիրական ճգնաժամն ու ռուսական էներգակիրների հարցը։ «Վիեննան պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայում մարդասիրական դժոխքը դադարեցնելու համար, մենք չենք ուզում բաց թողնել որևէ հնարավորություն», -ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը: