երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը պատրաստվում է Թուրքիա այցելել

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը պատրաստվում է Թուրքիա այցելել

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստվում է Թուրքիա մեկնել, որտեղ նախատեսվում է ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին են հայտնել ՄԱԿ–ի աղբյուրները։

«ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը շուտով Թուրքիա կմեկնի։ Դա պետք է (պայմանավորվածության ստորագրումը. խմբ.) տեղի ունենա այս շաբաթ», – ասել է գործակալության զրուցակիցը։
 
Երկրորդ աղբյուրը նշել է, որ դեռ չլուծված հարցեր կան, որոնք պետք է լուծվեն գործարքը կնքելուց առաջ։
 
Ավելի վաղ Ստամբուլում կայացել էին Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ–ի` հացահատիկի խնդրի կարգավորման հարցերով զբաղվող պատվիրակության բանակցությունները։
 
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։

  • Կիսվել: