ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաղորդել է Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաղորդել է Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում։

Գուտերեշի խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել են հացահատիկի գործարքի հնարավոր երկարաձգման, Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի, Ելենովկայի գնդակոծման փաստերը պարզելու առաքելության և Ռուսաստանից պարարտանյութերի արտահանմանն առնչվող հարցեր։

«Իմ զրույցը Պուտինի հետ տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Սևծովյան հացահատիկի արտահանման նախաձեռնությունը, դրա երկարաձգումն ու հնարավոր ընդլայնումը։ Մենք քննարկել ենք ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման համար առկա խոչընդոտները»,- ասել է Գուտերեշը։

Նա հավելել է, որ զրույցի ընթացքում շոշափվել է նաև Ելենովկայի քննչական մեկուսարանի հրետակոծության փաստերը հետաքննող առաքելության առաջիկա ուղեւորության թեման։

Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ը հայտնել է, որ Համատեղ համակարգող կենտրոնի  աշխատանքի ընթացքում, հացահատիկի գործարքի շրջանակներում, Ուկրաինայի նավահանգիստներից արտահանվել է մոտ 2,5 մլն տոննա հացահատիկ և այլ պարենամթերք։ Հացահատիկային միջանցքով անցել է 105 նավ, որոնցից 39-ը հասել են իրենց նպատակակետին, 66-ը՝ ճանապարհին են։

Պուտինը սեպտեմբերի 7-ին Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասել է, որ հացահատիկի համաձայնագրի շրջանակներում սննդամթերքի միայն փոքր մասն է արտահանվում աղքատ երկրներ։ Նա առաջարկել է վերանայել հացահատիկի արտահանման ուղղությունը և խոստացել այդ գաղափարը քննարկել թուրք գործընկերոջ հետ։

ՌԴ ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է մինչև տարեվերջ 30 մլն տոննա հացահատիկ մատակարարել կարիքավոր երկրներին և պատրաստ է այդ ծավալը հասցնել 50 մլն և ավելի  տոննայի։

  • Կիսվել: