չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվել է Անտոնիո Գուտերեշին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվել է Անտոնիո Գուտերեշին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 8-ի երեկոյան երկրորդ ժամկետով գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել է Անտոնիո Գուտերեշին:

Այս մասին  հաղորդում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից:

«Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեային խորհուրդ է տալիս Անտոնիո Գուտերեշին նշանակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար երկրորդ ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը»,- հայտնել է Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ, Էստոնիայի ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը:

Գուտերեշի թեկնածությունը կդրվի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը, որը բաղկացած է 193 երկրից  և, ամենայն հավանականությամբ, կհաստատվի հունիսի 18-ին կայանալիք քվեարկության ժամանակ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուի հաստատման համար կարևոր է Անվտանգության խորհրդի որոշումը, քանի որ կազմակերպության այս հիմնական մարմնի հինգ մշտական ​​անդամներից յուրաքանչյուրը (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) կարող է արգելափակել առաջադրումը:

  • Կիսվել: