կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում խստորեն դատապարտել է Մոսկվայի մարզում կատարված նողկալի ու վախկոտ ահաբեկչությունը։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Մասնավորապես՝ մեկնաբանության մեջ նշված է. «Crocus City Hall համալիրում հրեշավոր ահաբեկչության հայտնի դառնալու առաջին րոպեներից սկսեցին բազմաթիվ զանգեր, նամակներ, գրառումներ, պաշտոնական դիմումներ ստացվել պետությունների և կառավարությունների ղեկավարներից, օտարերկրյա իշխանությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպություններից, ՀԿ-ներից, կրոնական միավորումներից, մտահոգ քաղաքացիներից։ Հնչում են արտասահմանյան երկրների նախագահների, նախարարների, խորհրդարանականների, հասարակական գործիչների հայտարարությունները։

Նրանք խորին ցավակցություն են հայտնում զոհվածների և վիրավորների հարազատներին և մերձավորներին, աջակցության և համերաշխության խոսքեր ասում Ռուսաստանի ժողովրդին և կտրականապես մերժում այս սարսափելի հանցագործությունը։ Արտասահմանում ռուսաստանյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դիմաց հայտնվում են ինքնաբուխ հուշահամալիրներ, որտեղ մարդիկ ծաղիկներ և մոմեր են բերում։

Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում խստորեն դատապարտել է նողկալի ու վախկոտ ահաբեկչությունը Մոսկվայի մարզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս «ամենախիստ կերպով» դատապարտել է ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել Ռուսաստանի ժողովրդին և կառավարությանը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում իրենց ցավակցություններն են հայտնել Ադրբեջանի, Հունգարիայի, Հորդանանի, Ղազախստանի, Մալիի և Թուրքիայի դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարները։

Ռուսաստանում մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ է ահաբեկչությունը։ Մեր երկիրը դրա  ամենաանմարդկային դրսևորումներին բախվել է 1990-ականներին և 2000-ականների սկզբին, երբ Հյուսիսային Կովկասում պայքարում էր  ընդհատակում գտնվող ահաբեկիչների դեմ, որի զոհը դարձան հարյուրավոր անմեղ ռուսաստանցիներ։ 2001 թվականի սեպտեմբերին Ռուսաստանն առաջինն արձագանքեց ամերիկյան ժողովրդի ցավին՝ կապված Նյու Յորքի երկվորյակ աշտարակների վրա տեղի ունեցած ահաբեկչությունների հետ և աջակցեց միջազգային կոալիցիային Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։ 2015 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության խնդրանքով Ռուսաստանը մասնակցում է մերձավորարևելյան այս երկրում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին։

Վերջին տարիների ընթացքում  Ռուսաստանի քաղաքացիների դեմ ակտիվ և համակարգված ահաբեկչական գործողություններ է իրականացնում  Կիևի ռեժիմը․ ծրագրված գնդակոծում է բնակելի թաղամասերը, ներառյալ մանկապարտեզները, դպրոցները և բժշկական հաստատությունները, գրոհում է քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքները, ներառյալ տրանսպորտային և էներգետիկ օբյեկտները, մահափորձեր է կազմակերպում հասարակական գործիչների և լրագրողների դեմ։

Մեր երկիրն աջակցում է միջազգային ահաբեկչությանը հակազդելուն ուղղված բոլոր ջանքերին և դատապարտում է այն՝ դրա բոլոր ձևերով ու դրսևորումներով, որտեղ էլ որ տեղի ունենան այդ ահաբեկչական գործողություններ։ Որևէ նպատակի հասնելու համար քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունն անընդունելի է։ Այս չարիքի դեմ պայքարը պետք է մնա միջազգային հանրության բոլոր առողջ ուժերի ուշադրության կենտրոնում։

Ռուսաստանյան հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։ Ահաբեկչության հեղինակները, կազմակերպիչներն ու պատվիրատուները կպատժվեն։ Կտրվեն անհրաժեշտ իրավաքաղաքական գնահատականներ։

Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում բոլորին, ովքեր անտարբեր չմնացին այս ողբերգության առջև»:

  • Կիսվել: