ՄԱԿ ԳՎ-ը կոչ է արել «անհապաղ, անվերապահ և մշտական» հրադադար հաստատել Գազայի հատվածում
ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել՝ կոչ անելով «անհապաղ, անվերապահ և մշտական» հրադադար հաստատել Գազայի հատվածում: Կառույցը պահանջում է նաև ազատել ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդներին: Միացյալ Նահանգները, Իսրայելը, Հունգարիան ու ևս 6 երկիր դեմ են քվեարկել բանաձևին:
Փաստաթղթում ընդգծվում է, որ հրադադարի կոչը վերաբերում է հակամարտության բոլոր կողմերին:
Գլխավոր ասամբլեան նաև պահանջել է, որ Գազայի հատվածի խաղաղ բնակիչները հասանելիություն ունենան կենսական կարևորության ծառայություններին և մարդասիրական աջակցության փաթեթներին:
Մինչ այդ Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է: Գազայի հատվածում մարտերը չեն դադարում, հումանիտար ճգնաժամը սրվում է, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր արդեն արդեն շուրջ 45000 մարդ է զոհվել:
Չնայած հրադադարի մասին հայտարարություններին՝ անհանգիստ է նաև Լիբանանում: Պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվում: