կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մահացել է «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահը. Մագանովն ընկել է հիվանդանոցի պատուհանից

Մահացել է «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահը. Մագանովն ընկել է հիվանդանոցի պատուհանից

Մոսկվայում մահացել է «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը։ Նա ընկել է հիվանդանոցի պատուհանից, որտեղ բուժում էր ստանում, հայտնում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։

«Այսօր առավոտյան Մագանովն ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից: Նա մահացել է ստացած վնասվածքներից»,- գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։ 

Ավելի ուշ «Լուկօյլ»-ն իր կայքում հաստատել է տնօրենների խորհրդի նախագահի մահվան մասին տեղեկությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մագանովը մահացել է «ծանր հիվանդությունից հետո»։

Մագանովը գլխավորել է «Լուկօյլ»-ի տնօրենների խորհուրդը 2020 թվականի հունիսից։ Նա ընկերությունում աշխատել է 1993 թվականից՝ սկզբում որպես նավթարդյունահանման գծով փոխնախագահ, ապա հետախուզման և արդյունահանման գծով առաջին փոխնախագահ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի հրամանագրով Մագանովը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով «ձեռք բերած աշխատանքային հաջողությունների, ակտիվ հասարակական գործունեության և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»: Պարգևատրումը կայացել է Կրեմլում։ 

Տարեսկզբից սա առնվազն վեցերորդ մահն է՝ կապված ռուսական նավթագազային ոլորտի հետ։

  • Կիսվել: