երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Լոնդոնում մշակութային միջոցառումն Ադրբեջանն օգտագործել է` քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով. գիտավերլուծական հիմնադրամ

Լոնդոնում մշակութային միջոցառումն Ադրբեջանն օգտագործել է` քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով. գիտավերլուծական հիմնադրամ

Լոնդոնում Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ստեղծված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Մարտի 12-14-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացել է Լոնդոնի գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները։ Գրքի փառատոնին մասնակցել է նաև Ադրբեջանը, որը ներկայացրել է շուրջ 300 գիրք։

Տաղավարում փակցված է մեծ քարտեզ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ։ Մեծ քարտեզի կողքին պատկերված են այլ քարտեզներ, որոնցում արտացոլված են Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Ցուցադրված որոշ գրքեր հակահայկական քարոզչության և ատելության տարածման օրինակներ են։ Մասնավորապես, ցուցահանդեսին ներկայացվել է «Հայկական ահաբեկչություն» վերնագրով գիրք»,- ասված է հայտարարության մեջ:

200000.jpeg (344 KB)

Հայտարարության մեջ ընդգծվում է՝ այս օրինակները վկայում են, որ Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով։

Լոնդոնի գրքի տոնավաճառի պաշտոնական կայքում նշված է, որ տոնավաճառն այն վայրն է, որտեղ համաշխարհային հրատարակչական համայնքը միավորվում է հարաբերություններ զարգացնելու և ստեղծագործական բովանդակության ապագան որոշելու համար:

«Տարակուսելի է և դատապարտելի է, որ մշակութային միջոցառման կազմակերպիչները հանդուրժում են այնպիսի բովանդակության ցուցադրությունը (ահաբեկչություն երևույթին վերագրվում է ազգային պատկանելություն), որը ռասիզմի, էթնիկ ատելության ակնհայտ դրսևորում է»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարությունը:

  • Կիսվել: