Լիբանանը պնդում է, որ Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը և վարչապետ Նավաֆ Սալամը հինգաշաբթի երեկոյան Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական օդուժի հարվածներն անվանել են հրադադարի կոպիտ խախտում, հաղորդում է The Times of Israel-ը։
Իսրայելի ռազմական հրամանատարությունը բացատրել է, որ հարվածների թիրախը «Հըզբոլլահ» խմբավորման համար անօդաչու թռչող սարքեր արտադրող արհեստանոցներն են եղել։ Իսրայելական կողմը Լիբանանի մայրաքաղաքի բնակիչներին նախապես զգուշացրել է այդ հարվածների մասին։
2024 թվականի նոյեմբերին իսրայելցի զինվորականները և «Հըզբոլլահը» դադարեցրել են ռազմական գործողությունները՝ կնքելով հրադադարի համաձայնագիր, որի համաձայն Իսրայելի պաշտպանության ուժերը աստիճանաբար դուրս կգան Լիբանանի տարածքից և երկրի հարավում գտնվող իրենց դիրքերը կհանձնեն լիբանանյան զինվորականներին։ Ավելի ուշ բազմիցս հաղորդագրություններ են տարածվել ինչպես Լիբանանի տարածքից Իսրայելի կողմի հրետակոծության, այնպես էլ Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի իրականացրած հարվածների մասին։
Ըստ համաձայնագրի՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) պետք է փուլ առ փուլ դուրս գա Լիբանանի տարածքից և երկրի հարավում գտնվող իր դիրքերը փոխանցի լիբանանցի զինվորականներին։
«Հըզբոլլահն» էլ պետք է հետ քաշի իր ուժերը Լիտանի գետից հյուսիս՝ սահմանից 30 կմ հեռու և վերացնի իր դիրքերն այդ գոտում, որտեղ թույլատրվում է գործել միայն լիբանանյան զինվորականներին ու ՄԱԿ-ի խաղաղապահներին։
Իսրայելական զորքերը շարունակում են մնալ Լիբանանի տարածքում գտնվող հինգ ռազմավարական կետում։
Այս ընթացքում բազմիցս տեղեկություններ են ստացվել Լիբանանի և Իսրայելի տարածքներից միմյանց գնդակոծելու վերաբերյալ: