շաբաթ, մարտ 2
2 / 3 / 2024
Լեհ փոխադրողները բողոքում են ուկրաինացի վարորդների համար տրանսպորտային պայմանների պարզեցման դեմ

Լեհ փոխադրողները բողոքում են ուկրաինացի վարորդների համար տրանսպորտային պայմանների պարզեցման դեմ

Լեհաստանը խստացնում է Ուկրաինայի հետ սահմանին բեռնատարների ստուգումները՝ անցակետերում լրացուցիչ սահմանապահ ուժեր տեղակայելով, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ լեհ վարորդները նոյեմբերի սկզբից բողոքում են, որ Եվրամիության կողմից ուկրաինացի վարորդների համար տրանսպորտային պայմանների պարզեցման հետևանքով շուկայում անառողջ մրցակցություն է ստեղծվել, քանի որ ուկրաինական կազմակերպություններն ավելի էժան ծառայություններ են առաջարկում։

Բացի այդ, ըստ վարորդների, իրենք օրերով ստիպված են կանգնել հերթում, փորձում են այն շրջանցել, ինչը խցանումների պատճառ է դառնում հարևան երկրներում: Սահմանային հերթերում արդեն ուկրաինացի 2 վարորդ է մահացել: Իրավիճակն ավելի է բարդանում եղանակային վատ պայմանների պատճառով:

Լեհաստանից Ուկրաինա բեռների առաքման գները մի քանի անգամ աճել են: Եվրոպական որոշ ընկերություններ սկսել են կրճատել պատվերները։ Ավելի վաղ Bild թերթը գրել է, որ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին լարվածության և մատակարարումների խափանումների պատճառով կարող է տուժել գերմանական ավտոարդյունաբերությունը:

Հաղորդվում է նաև, որ բողոքի ակցիային են միացել նաև Սլովակիայի ավտոմոբիլային փոխադրողները՝ արգելափակելով Ուկրաինայի հետ սահմանի գլխավոր անցակետը:

 

  • Կիսվել: