Լավրովը Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի հարցով բանակցությունները խափանելու փորձերի համար
Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացը խաթարելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նա անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և Կուբայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, բայց ելույթի զգալի մասը նվիրված է եղել Ուկրաինային։
Լավրովի խոսքով՝ Արևմուտքը Կիևին զենք է մատակարարում և օգնում է անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ ուղղել Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Բացի այդ, Ուկրաինան ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են Մարդու իրավունքների հարգումը։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել Ուկրաինայում ռուսաց լեզվի վիճակին՝ մատնանշելով դրա օգտագործման օրենսդրական սահմանափակումները։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել ռազմական հատուկ գործողությունը, քանի դեռ չի հասել սահմանված նպատակներին և չի վերացրել իր անվտանգությանն ուղղված սպառնալիքները:
«Հանուն ճշմարտության և արդարության մեր պայքարը կհասցվի մինչև վերջ»,– ասել է նա։
Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ Լավրովը հայտարարել է, որ Պաղեստինի պետության ստեղծման հարցը պետք է լուծել ՄԱԿ-ի համապատասխան որոշումների հիման վրա:
Անդրադառնալով Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շրջանում տիրող իրավիճակին՝ ՌԴ ԱԳ նախարարը մատնանշել է շարունակվող զինված բախումները, որոնք, նրա խոսքով, վնաս են հասցնում միջազգային նավարկությանը և առևտրին:
Մոսկվան ճգնաժամի կարգավորման անհրաժեշտ պայման է համարում Իրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև վստահության վերականգնումը: Լավրովի խոսքով՝ հենց ափամերձ պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը պետք է դառնա տարածաշրջանում իրավիճակի կայունացման հիմքերից մեկը:
Լավրովն անդրադարձել է նաև Կուբային: Նա կոչ է արել ԱՄՆ-ին չեղարկել կղզու հետ առևտրային սահմանափակումները և Կուբան հանել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ամերիկյան ցուցակից:



