ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լատվիան նվազեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերության մակարդակը

Լատվիան նվազեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերության մակարդակը

Լատվիան, հետևելով Լիտվայի օրինակին, որոշել է նվազեցնել Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Այդ մասին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը։

Իսկ պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը չի բացառել, որ Լատվիան կարող է ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը: Նրա խոսքով՝ միաժամանակ նման որոշում պետք է ընդունեն Մերձբալթյան բոլոր երկրները:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ռիգայի որոշմանը՝ նշելով, որ Մոսկվայի պատասխանը չի ուշանա:

Նախորդ ամսից եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսելու որոշման մասին: Դրանց թվում են՝ Բելգիան, Նիդերլանդները, Դանիան, Իռլանդիան, Իտալիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Բուլղարիան, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ քաղաքականությունն անիմաստ է համարել: Նրա խոսքով՝ Մոսկվան համաչափ պատասխան կտա, ինչը «կործանարար» ազդեցություն կունենա Եվրոպայի հետ հարաբերությունների վրա:

  • Կիսվել: