«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով կսահմանափակվի մուտքը ՌԴ Պետդումա
Ռուսաստանի Պետդումայի շենքերի համալիրում մարտի 25-ից մինչև առանձին որոշման ընդունումը մուտքի ժամանակավոր սահմանափակումներ կգործեն։ Այս մասին տեղյակ են պահվել պատգամավորներն ու նրանց օգնականները, տեղեկացնում է Վեդոմոստի-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ նախկինում պատվիրված բոլոր միանվագ անցագրերը և կազմակերպված խմբերի՝ Պետդումայի շենքեր մուտք գործելու դիմումները, ինչպես նաև Դումայի շենքեր տրանսպորտային միջոցներ ընդունելու դիմումները չեղյալ են հայտարարվել:
Բացի այդ՝ որոշվել է սահմանափակել խորհրդարանական լսումների, կլոր սեղանների, ցուցահանդեսների, ֆորումների, էքսկուրսիաների և այլ միջոցառումների անցկացումը։
Նշենք, որ փոփոխությունները մտցվել են մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուսի Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին։