Կրասնոյարսկի երկրամասում երեք տղամարդ ավելի քան 400 միլիոն ռուբլու ոսկի են հափշտակել
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում երեք տղամարդ հափշտակել են ավելի քան 60 կգ ոսկի պարունակող խտանյութ, որի ընդհանուր արժեքը 434 միլիոն ռուբլի է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ երկու աշխատակից՝ իրենց ծանոթի հետ միասին, լինելով կազմակերպության տարածքում, որը գտնվում է Կրասնոյարսկի երկրամասի Սևերո Ենիսեյսկի շրջանի Երուդա ավանում, ավելի քան 60 կիլոգրամ ոսկի պարունակող խտանյութ են հափշտակել, որը համարժեք է մոտավորապես 50 կգ քիմիապես մաքուր ոսկու», - հայտնել է Վոլկը Telegram-ում՝ հավելելով, որ վնասը կազմել է 434 միլիոն ռուբլի։
Տղամարդիկ գողացված խտանյութն ավտոմեքենայով տարել են Եմելյանովսկի շրջանի Գլյադեն գյուղ և թաքցրել իրենցից մեկին պատկանող տանը։ Գողության փաստը բացահայտել են Ռուսաստանի ՆԳՆ-ի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության երկրամասային վարչության աշխատակիցները։
«Ներգրավված անձինք նաև կասկածվում են տարբեր ապրանքների և նյութերի գողության մեջ։ Հափշտակված ապրանքների արժեքը կազմել է 7,8 միլիոն ռուբլի», - հավելել է Վոլկը։
Տղամարդիկ ձերբակալվել են ոստիկանների կողմից՝ Ռուսաստանի Ազգային գվարդիայի մարտիկների մասնակցությամբ։ Գողության փաստով հարուցվել են քրեական գործեր։