Կլիչկոն Կիևի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում լքել քաղաքը: Նրա հայտարարությունը հնչել է ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին:
«Սա առաջին դեպքն է, որ նման ուժեղ ցրտերի պայմաններում քաղաքի մեծ մասը մնացել է առանց ջեռուցման և էլեկտրաէներգիայի»,-նշել է Կլիչկոն։
Նա հավելել է, որ իշխանությունները բացել են մոտ 1300 ջեռուցման կետ, աշխատում են լոկալ ջեռուցման կայաններ տեղադրելու ուղղությամբ։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական հարվածների հետևանքով ուկրաինացիները 20-30 ժամ մնում են առանց էլեկտրականության: Նա տեղեկացրել է, որ աշխատում են դաշնակիցների հետ՝ ուժեղացնելու երկրի ՀՕՊ համակարգը և արագացնելու էլեկտրաէներգիայի ներմուծումը:


