Կիևում ամբողջությամբ վերականգնվել է ջերմամատակարարումը
Ռուսական վերջին հարձակումներից հետո Կիևում ամբողջությամբ վերականգնվել է ջերմամատակարարումը։
Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ վերջին գնդակոծությունից հետո քաղաքը «վերադարձնում է բոլոր ծառայությունների աշխատանքը»։ Մասնավորապես, ամբողջությամբ վերսկսվել է մայրաքաղաքի ջերմամատակարարման համակարգի աշխատանքը։
«Օրվա ընթացքում կոմունալ ծառայությունները կաշխատեն առանձին տներում, որտեղ կարող են տեղային խնդիրներ լինել»,- գրել է Կլիչկոն։
Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների կարևոր ենթակառուցվածքի օբյեկտների վրա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձի ժամանակ խոսել է ռուսական հարվածներից հետո երկրի էներգետիկ կառուցվածքի վերականգնման մասին։
«Հաջողվել է մեկ օրում վերադարձնել էլեկտրաէներգիան մոտ վեց միլիոն ուկրաինացիներին: Վերանորոգման աշխատանքներն այժմ շարունակվում են առանց ընդհատումների»,- ասել է Զելենսկին։


