կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կիեւի ռեժիմի հանցագործություններն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է․ Պուտին

Կիեւի ռեժիմի հանցագործություններն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է․ Պուտին

Մոսկվան կոշտ պատասխան կտա Ռուսաստանի տարածքում ուկրաինական իշխանությունների կազմակերպած ահաբեկչական հարձակումներին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, պետության ղեկավարն ընդգծել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է «Կիևի ռեժիմը»։

«Դատաբժշկական և այլ փորձաքննությունների տվյալները, ինչպես նաև օպերատիվ տվյալները ցույց են տալիս, որ հոկտեմբերի 8-ի պայթյունը ահաբեկչական գործողություն է: Ահաբեկչություն, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը: Ակնհայտ է նաև, որ ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները և հեղինակներն ուկրաինական հատուկ ծառայություններն են»,- ասել է Պուտինը։

Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը մեղադրել է Ուկրաինային միջուկային ահաբեկչության՝ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման և Կուրսկի ատոմակայանի դիվերսիայի փորձերի համար։

Պուտինը խոսել է նաև «Թուրքական հոսք» գազային համակարգի հատվածներից մեկը պայթեցնելու ուկրաինական իշխանությունների փորձերի մասին։

«Կիևի ռեժիմն իր գործողություններով իրականում իրեն դասել է միջազգային ահաբեկչական խմբավորումների, ամենաօդիոզ խմբավորումների շարքը: Պարզապես անհնար է նման հանցագործություններն անպատասխան թողնել»,- ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահն ասել է, որ ռուսական զորքերը մեծ հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

«Այսօր առավոտյան պաշտպանության նախարարության առաջարկով հեռահար գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին: Եթե մեր տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը շարունակվեն, Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային՝ կհամապատասխանեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ստեղծվող սպառնալիքների մակարդակին: Այս հարցում ոչ ոք չպետք է կասկածի»,- ամփոփել է պետության ղեկավարը։ 

Երկուշաբթի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները սկսել են հայտնել պայթյունների մասին Կիևում և Կիևի մարզում, հրթիռակոծության տակ են հայտնվել նաև Խարկովը, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Լվովը և Լվովի մարզը, Իվանո-Ֆրանկովսկը, Տերնոպոլի, Խմելնիցկին, Կոնոտոպը, Ռիվնե և Պոլտավան: Բացի այդ, Զելենսկու գրասենյակը հաղորդել է Զապորոժիեի, Վիննիցայի, Սումիի և Ժիտոմիրի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասին: 

  • Կիսվել: