չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Խարկովում կա հացի խնդիր, խանութների մոտ մեծ հերթեր են, հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան. Խարկովի ՀՀ հյուպատոսի օգնական

Խարկովում կա հացի խնդիր, խանութների մոտ մեծ հերթեր են, հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան. Խարկովի ՀՀ հյուպատոսի օգնական

Խարկովի մատույցներում այս պահին կրկին թեժ մարտեր են: Երեկ ռուսական զորքերը ծանր տեխնիկայով ու ավտոմատներով  քաղաքում էին, բայց հիմա կրկին Խարկովը ուկրաինական զինված ուժերի վերահսկողության ներքո է: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:

«Երեկ Խարկովի փողոցներում թեժ մարտեր էին, ողջ գիշեր քաղաքի բնակելի թաղամասերը ռմբակոծվում էին, արդյունքում՝ արդեն հաղորդվել է 300 -ից ավելի զոհերի մասին, որոնցից 13 երեխաներ են: Խարկովի հայ համայնքը 18-20 մարդ է, մեծ մասը քաղաքում է, գրեթե բոլորը թաքստոցներում են: Նրանք ովքեր մինչ պատերազմը չէի լքել քաղաքը, այդպես էլ չեն կարողացել դուրս գալ: Այսինքն, համայնքի մեծ մասը տեղում է, բարեբախտաբար, հայ համայնքից զոհեր և վիրավորներ չունենք»:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ Խարկովում այս պահին ամեն ինչի անհրաժեշտությունը կա, որովհետև մեծ հերթեր են խանութների մոտ: «Խանութները մի քանի ժամով են բացվում, որպեսզի մարդիկ կարողանան առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերել։ Սննդի պակաս կա, հաց չկա, քիչ առաջ թաղապետը հայտարարեց, որ մեքենա ունեցողները կարող են մոտենալ հատուկ նախանշված վայրեր, որպեսզի ալյուր բերեն, որ գոնե հաց թխեն ու բաժանեն բնակչությանը: Չնայած դրան՝ քաղաքում խուճապ չկա: Խուճապն առաջին 1-2 օրերին էր, երբ մարդիկ չգիտեին ուր գնալ, ինչ անել, որտեղ պատսպարվել, բայց հիմա արդեն հարմարվել են ու գիտեն ճգնաժամային պայմաններում ինչպես վարվել ու երբ տագնապի ազդանշան է լսվում՝ իջնում են թաքստոցներ: Ամենաանտանելին անորոշությունն է, որ չգիտենք, թե ինչ է լինելու, արդյո՞ք իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ: Սա է մարդկանց մոտ տագնապ  առաջացնում, մարդիկ չգիտեն՝ հնարավոր կլինի՞  էվակուացիոն ռեյսեր կազմակերպել Հայաստանի քաղաքացիների համար»:

Նա նշեց նաև, որ ՀՀ քաղաքացիների հստակ թիվ չի կարողանա ասել, որովհետ ոչ բոլորն են կապ հաստատել հյուպատոսության  հետ:«Մենք փորձում ենք պատասխանել մեր բոլոր հայրենակիցների հարցերին, գործում է դեսպանատան թեժ գիծը, հնարավորություն լինելու դեպքում, բնականաբար, անմիջապես բոլորին կտարհանենք, իսկ դիմողները շատ են, հատկապես կանայք ու երեխաներ ունեցողները բոլորն էլ ցանկանում են ժամ առաջ լքել քաղաքը»:

  • Կիսվել: