Կանադայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 27 000 մարդ է տարհանվել
Կանադայում անտառային հրդեհները երեք նահանգների ավելի քան 27 000 բնակչի ստիպել են լքել իրենց տները։ Այս մասին հայտնում է The Canadian Press-ը։
Կանադայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը «անառողջ» պայմաններ է ստեղծել ԱՄՆ-ի հյուսիսի կենտրոնական հատվածներում և հասել մինչև Եվրոպա։
Միացյալ Նահանգներ է հասել հիմնականում Կանադայի Մանիտոբայի նահանգում մոլեգնող հրդեհների ծուխը։ Նահանգի մայրաքաղաք Վինիպեգի հյուրանոցները հունիսի 2-ից բացվել են տարհանվածների համար:
Նախորդ շաբաթվանից ի վեր տարհանվել է Մանիտոբայի ավելի քան 17 000 բնակիչ: Հարևան Սասկաչևանի նահանգի Լա Ռոնժ քաղաքի 2500 բնակիչներին հունիսի 3-ին հրամայվել է տարհանվել, իսկ մինչ այդ նահանգի ավելի քան 8000 բնակիչ էր տարհանվել։ Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Ալբերտայի նահանգում։
Մայիսի կեսերին Վինիպեգից հյուսիս-արևելք գտնվող Լակ դյու Բոննեում բռնկված անտառային հրդեհի հետևանքով երկու մարդ էր զոհվել։
Կանադայի պատմության մեջ ամենասարսափելի անտառային հրդեհները տեղի են ունեցել 2023 թվականին: Դրանց պատճառով ամիսներ շարունակ Հյուսիսային Ամերիկայի մեծ մասը պատվել էր վտանգավոր ծխով: