շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ

Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ

Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կանադան կողոպտում էր մեզ բազմաթիվ տարիներ: Սրանք այն մարդիկ են, որոնց հետ գործ վարելն ամենադժվարն է: Նրանք կարծում են, թե դրա իրավունքն ունեն: Նրանք պետք է նահանգ լինեն», - հայտարարել է ամերիկացի առաջնորդը WABC ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Եթե նրանք նահանգ լինեին, խնդիրներ չէին լինի: Ես թույլ կտայի ավտոշինական ընկերություններին մնալ այնտեղ: Բայց մենք վերցնում ենք դրանցից շատերը, քանի որ ես դրանց նկատմամբ մաքսատուրքեր եմ սահմանել»,- հավելել է Թրամփը:

Օգոստոսի վերջին նա առաջարկել էր ԱՄՆ-ում գործունեություն ծավալող կանադական ընկերություններին ամբողջությամբ տեղափոխել իրենց բիզնեսն այս երկիր, որպեսզի խուսափեն մաքսատուրքերի ազդեցությունից: Սպիտակ տան ղեկավարը նախկինում ևս մի քանի անգամ դատողություններ էր արել Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմ Կանադայի մտնելու հնարավորության մասին:

Առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրն օգոստոսին հայտարարել էր, որ Օտտավան հրաժարվել է երկկողմ առևտրային գործարքից, որը, Վաշինգտոնի կարծիքով, ձեռնտու էր: Սրա հետ կապված՝ օգոստոսի 22-ին ուժի մեջ են մտել կանադական ապրանքների որոշակի կատեգորիաների նկատմամբ ամերիկյան 50-տոկոսանոց ներմուծման մաքսատուրքերը:

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել է, որ որոշում է կայացրել կասեցնել առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ, և հայտարարել է, որ Օտտավան պատասխան մաքսատուրքեր կսահմանի Վաշինգտոնի դեմ: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Կանադայի միջև սկսվել է առևտրային պատերազմ: Քարնին կարծիք է հայտնել, որ այն հրահրել է Վաշինգտոնը:

Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է 2027 թվականի հունվարի 1-ից 50-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և պողպատի նկատմամբ: Սեպտեմբերի 8-ին ուժի մեջ են մտել ամերիկյան արտադրանքի նկատմամբ Օտտավայի պատասխան մաքսատուրքերը:

  • Կիսվել: