հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ջամու և Քաշմիրի խոցելի շրջաններից բնակիչներին տարհանելու հրահանգ է տրվել Հնդկաստանի և Պակիստանի միջև հարվածների փոխանակումից հետո

Ջամու և Քաշմիրի խոցելի շրջաններից բնակիչներին տարհանելու հրահանգ է տրվել Հնդկաստանի և Պակիստանի միջև հարվածների փոխանակումից հետո

Հնդկաստանի կողմից Պակիստանում գտնվող թիրախներին հասցված հարվածներից հետո վերանայվել է Ջամու և Քաշմիրի նահանգում անվտանգային իրավիճակը, և որոշում է ընդունվել մի քանի խոցելի շրջաններից բնակիչներին տարհանել ավելի անվտանգ վայրեր։ Այս մասին հաղորդում է The Indian Express պարբերականը։

Ջամու և Քաշմիրի նահանգապետ Մանոիջ Սինհան հայտարարել է, որ անձամբ է հետևում իրավիճակին, և որ իր վարչակազմը պատրաստ է ցանկացած զարգացման։

«Մենք կապահովենք յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը», - հայտնել է նա։ 

Հնդկաստանը վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանին գտնվող  ինը թիրախի՝ նշելով, որ դրանք ահաբեկչական գործունեության կենտրոն էին հանդիսանում։ «Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։

Պակիստանում Հնդկաստանի հարվածներից զոհվել է 26 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 46-ը, իսկ Հնդկաստանում Պակիստանի պատասխան հարվածներից զոհվել է 10 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 48-ը։ 

Ըստ The Indian Express-ի՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերը և վիրավորները գրացվել են հիմնականում Ջամու և Քաշմիրի նահանգի Փունչի հատվածում, երբ պակիստանյան ուժերը հրետանային արկեր են արձակել վերահսկողության գծից այն կողմ։ Հարվածներից վնասվել են մեծաթիվ տներ, բռնկվել են հրդեհներ, հարյուրավոր բնակիչներ ստիպված են եղել փախչել ավելի ապահով հատվածներ։

 

  • Կիսվել: