Իտալիայի վարչապետը Նեթանյահուի հետ զրույցում անընդունելի է համարել խաղաղապահների վրա հարձակումները
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների վրա հարձակումներն անընդունելի են։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին:
Իտալիայի Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը, մասնավորապես, նշել է. «Մելոնին վերահաստատել է իսրայելական զինված ուժերի կողմից ՅՈՒՆԻՖԻԼ-ի վրա հարձակումների անընդունելիությունը՝ հիշեցնելով, որ առաքելությունը գործում է Անվտանգության խորհրդի մանդատի ներքո՝ նպաստելու տարածաշրջանային կայունությանը»:
Նշվում է, որ նա վստահություն է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կիրառումը, որը նախատեսում է աջակցություն Լիբանանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և իսրայելական զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից՝ այնտեղ ՄԱԿ-ի ուժեր տեղակայելու միջոցով, կարող է կայունացնել իրավիճակն իսրայելա-լիբանանյան սահմանին և երաշխավորել բոլոր տեղահանվածների վերադարձը:
Մելոնին նշել է Իտալիայի լիակատար պատրաստակամությունը՝ որպես G7-ում նախագահող երկիր, աշխատելու տարածաշրջանում դեէսկալացիայի ուղղությամբ: