կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Իտալիան դեմ է, որ Իրանը միջուկային զենք ունենա. արտաքին գործերի նախարար Տայանի

Իտալիան դեմ է, որ Իրանը միջուկային զենք ունենա. արտաքին գործերի նախարար Տայանի

Իտալիան կտրականապես դեմ է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը, հայտնել է արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին։ «Միջուկային սպառնալիքի առջեւ երկիմաստություն չի կարող լինել. Իրանը չի կարողանա ատոմային ռումբ ձեռք բերել»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում՝ կապված Մերձավոր Արեւելքում ճգնաժամի սրման հետ։

Տայանիի խոսքով՝ նա այս միտքը փոխանցել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ զրույցում, որին նաեւ տեղեկացրել է «Իսրայելի՝ իր գոյատեւումն ապահովելու իրավունքի մասին, պաշտպանվելով հնարավոր միջուկային հարձակումից»։ Իրանի կողմից միջուկային ծրագրի պարտավորությունների խախտումները, նշել է իտալացի նախարարը, հաստատվում են ԱԷՄԳ տեղեկատվությամբ։

«Իտալիայի կառավարությունը, ինչպես արդեն ասացի, կտրականապես դեմ է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը՝ համաձայն իր գործընկերների եւ դաշնակիցների դիրքորոշման»,- հայտնել է Տայանին։

  • Կիսվել: