Իսրայելը փորձում է Սիրիայում ներքին հակամարտություն հրահրել. Էրդողան
Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից և փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության և հանգստության մթնոլորտը վերջին բանն են, որ Իսրայելը ցանկանում է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ սիրիացի ժողովուրդն ինքն է որոշում իր ապագան և այն, որ երկրում ձևավորվում են միասնություն և ամբողջականություն:
Այդ իսկ պատճառով նա փորձում է նոր կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել՝ հրահրելով Սիրիայում որոշ խմբերի։ Իսրայելը, որը չի վարանում խաթարել իրավիճակը տարածաշրջանում, նաև շատ մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության և նրա ձեռք բերած հաջողություններով»:
Էրդողանը նաև հավելել է, որ «բոլորը պետք է ձգտեն նոր Սիրիա կառուցել՝ հիմնված միասնության ու տարածքային ամբողջականության վրա»։
«Իսրայելական սադրանքները խոստանում են միայն արյուն, արցունքներ և մահ: Այսօրվա Սիրիան բարեկեցիկ ապագայի բանաձև է: Ինչպես մենք միշտ հայտարարել ենք, մենք թույլ չենք տա, որ մեր հարևան Սիրիան ներքաշվի նոր հակամարտության մեջ»,-նշել է նա: