հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Իսրայելը մտադիր է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, տապալել Իրանի իշխանություններին և հաղթել Հեզբոլլահին. Նեթանյահու

Իսրայելը մտադիր է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, տապալել Իրանի իշխանություններին և հաղթել Հեզբոլլահին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի նախագահի նստավայրում անցկացված՝ Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) աշխատակիցներին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը Գազայի հատվածում, տապալել Իրանի իշխանություններին և հասնել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անկմանը, տեղեկացնում է The Times of Israel-ը:

Մեկնաբանելով իրավիճակը Գազայի հատվածում՝ Նեթանյահուն մերժել է այն պնդումը, թե ՀԱՄԱՍ-ը իբր պաշտպանված է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ըստ նրա՝ Իսրայելը շարունակում է հետապնդել խմբավորման զինյալներին, որոնց նա պատասխանատու է համարում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ իսրայելցիների սպանության համար։

«Մենք հաշիվներ ենք մաքրում այդ մարդասպանների հետ, որոնք 7 հոկտեմբերի սպանեցին մեր ժողովրդին, մեր դուստրերին, մեր կանանց և մեր երեխաներին»,-ասել է նա:

Իսրայելի վարչապետը նաև հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի անդամներից «քիչ է մնացել», քանի որ Իսրայելը շարունակում է պայքարել նրանց դեմ։

«Մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը, իսկ նախ և առաջ կհաղթենք Իրանի ռեժիմին։ Մենք կտապալենք այն։ Մենք կզբաղվենք նաև «Հեզբոլլահ»-ով, և այն նույնպես կտապալվի»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նեթանյահուի հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ ՑԱԽԱԼ-ը շարունակում է հարվածներ հասցնել Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին և զինյալներին։ Իսրայելը նման հարվածներ է հասցնում նաև հրադադարի համաձայնագրի գործողության ընթացքում, ինչը դարձել է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Խաղաղության խորհրդի հետ հարաբերություններում վիճահարույց հարցերից մեկը, որը փորձում է առաջ տանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ ծրագիրը։

  • Կիսվել: