Իսրայելը դարձյալ հարվածել է Գազային. կա 11 զոհ
Իսրայելը կիրակի օրը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում, զոհվել է առնվազն 11 պաղեստինցի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով պաղեստինցի պաշտոնյաների:
Գազայում ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմն Իսրայելին մեղադրել է տեղահանված պաղեստինցիների դեմ նոր կոտորած իրականացնելու համար: Նրա խոսքով՝ դա հրադադարի լուրջ խախտում է
Reuters-ը գրում է, որ Իսրայելի բանակի պաշտոնյաներից մեկն էլ հարվածները բնութագրել է որպես «ճշգրիտ և միջազգային իրավունքի շրջանակում իրականացված»՝ նշելով, որ պաղեստինյան զինված խմբավորումը բազմիցս խախտել է հոկտեմբերյան հրադադարը։
Հիշեցնենք, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նախորդ տարի համաձայնել են Թրամփի պլանին, իսկ հոկտեմբերին ուժի մեջ է մտել հրադադարի համաձայնագիրը։ Ավելի քան 590 պաղեստինցի, որոնցից շատերը քաղաքացիական անձինք են, և չորս իսրայելցի զինվոր են սպանվել դրան հաջորդած բռնությունների ընթացքում։
Երկու կողմերը մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման մեջ, չնայած Թրամփի վարչակազմը պնդում է, որ պետք է առաջ շարժվել՝ դեպի պլանով նախատեսված հաջորդ քայլերը, որոնցից մեկը միջազգային կայունացման ուժերի տեղակայումն է, քանի որ իսրայելական զորքերը շարունակում են դուրս բերվել, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ զինաթափվել։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Թրամփը կհայտարարի, որ որոշ երկրներ նախատեսում են մի քանի հազար զինծառայող տրամադրել կայունացման ուժերի համար, որոնք, ինչպես սպասվում է, կտեղակայվեն Գազայում առաջիկա ամիսներին։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ը մերժում է զենքը վայր դնելու պահանջը, իսկ Իսրայելը հայտարարել է, որ եթե խմբավորումը չզինաթափվի խաղաղ ճանապարհով, Իսրայելը ստիպված կլինի դա ուժով անել։


